Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Աշխարհն առողջ տեսնելու նրա երազանքը

Աշխարհն առողջ տեսնելու նրա երազանքը

Տարեցտարի ավելացող մահաբեր ու համաճարակային հիվանդությունների, հասարակական, քաղաքական, տնտեսական ու սոցիալական վայրիվերումների, բնական ու տեխնածին աղետների դարաշրջանում կա՞ առավել հզոր պաշտպանող ուժ, քան հայ կինը, մայրը, քույրը:

 

Ասենք, բոլոր ազգերին էլ պահողը կինն է, բայց մեր պարագայում` առավել ևս: Ու որքան էլ միջազգային լինի «կանանց միամսյակն» սկզբնավորող մարտ խենթ ամսվա 8-րդ, ինչ-որ տեղ սովորական գարնանային օրը հայ կինը հերթական անգամ պետք է մեծարվի, գուցե ամենօրյա մեծարանքից քիչ ավելի: Հայ կինն արդեն գարնան, զարթոնքի ավետաբեր է, ծաղկաշատ, երանավետ, ապահով ու անվտանգ, քանզի նրա կողքին ապահով ու պաշտպանված ես զգում, թեպետ այդ պաշտպանության կարիքը նա ավելի շատ ունի:

 

Այսօր ներկայացնում ենք Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի անեսթեզիոլոգիայի բաժանմունքի երկարամյա  վարիչ, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Ռիտա Վիրաբյանին:

 

Ի դեպ, 70-ամյակի շեմն անցած բազմավաստակ բժշկուհին ու գիտնականը հայ ժամանակակից բժիշկների այն փաղանգն է ներկայացնում, ում  անմիջական ջանքերի ու գիտական պրպտումների շնորհիվ անեսթեզիոլոգիայի բնագավառում հսկայական առաջընթաց է արձանագրվել:

 

Մասնագիտության ընտրության հարցում, իհարկե, հիմնավոր պատճառ է եղել. երկարամյա մանկավարժ մայրը հաճախ էր հիվանդանում և նրան խնամող աղջնակը վճռում է դպրոցն ավարտելուց հետո անպայման դիմել բժշկական ինստիտուտ` այն համոզմամբ, որ ավարտելուց հետո կարողանա ապաքինել ոչ միայն հիվանդ մորը, այլև բոլոր նրանց, ովքեր իր օգնության կարիքը կունենան:

 

Դպրոցը գերազանց ավարտելուց հետո Ռիտան հեշտությամբ հաղթահարեց ընդունելության մրցույթը և դարձավ բուժական ֆակուլտետի ուսանողուհի: 1960-ին ավարտելով ինստիտուտը, Առողջապահության նախարարության ուղեգրով նա որպես մանկաբույժ աշխատանքի է նշանակվում Հոկտեմբերյանի բուժմիավորումում: Սակայն մասնագիտական գիտելիքների հարստացման գաղափարը նրան հանգիստ չէր տալիս և արդեն երկու տարի անց, դժվարին մրցույթում հաղթանակ տանելով, նա դառնում է ՀԽՍՀ բժշկական գիտությունների ակադեմիայի սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի կլինիկական օրդինատոր` ընտրելով անեսթեզիոլոգի և ռեանիմատոլոգի դժվարին, բայց պատվաբեր մասնագիտությունը:

 

1964-67 թթ. նա նույն ինստիտուտի ասպիրանտ էր: Եվս երկու տարվա տքնաջան բժշկագիտական աշխատանք և տիկին Վիրաբյանը փայլուն պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը`«Թոքային հիպերտենզիայով, հանքային՞՞՞ստենոզով հիվանդների ցավազրկումը» թեմայով: Սա սկիզբն էր այն հսկայածավալ աշխատանքի, որ նա հետագայում ծավալելու էր սրտի և մագիստրալ անոթների ցավազրկման համարժեքը չունեցող և ոչ սովորական եղանակների ուսումնասիրման բնագավառում:

 

Առանց վարանելու կարելի է ասել, որ մի շարք անալգետիկ և ցավազրկող միջոցների կիրառությամբ նա առաջատարներից մեկն էր ոչ միայն մեր հանրապետությունում, այլև ամբողջ Անդրկովկասում, անեսթեզիոլոգիայի գծով առաջին բժշկագիտությասն թեկնածուն, ապա դոկտորը:  Իսկ դոկտորական ատենախոսությունը նա պաշտպանել է Մոսկվայում 1990 թվականին: Մինչ այդ, նա սրտաբանության և սրտային վիրաբուժության անեսթեզիոլոգիայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող էր, այնուհետև ԽՍՀՄ առողջապահության նախարարության սրտաբանության և սրտի վիրաբուժության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղի ավագ գիտաշխատողն ու լաբորատորիայի վարիչը, ապա Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի անեսթեզիոլգիայի բաժնի վարիչը, 1993-ից` ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի անեսթեզիոլոգիայի և ռեանիմացիայի ամբիոնի պրոֆեսորը:

 

Ուրախալի իրողություն է, որ նա ժամանակին արդարացրեց եզակի վիրաբույժ և գիտնական պրոֆ. Միքայելյանի հույսերը, ով մինչ այդ բացառում էր կնոջ մասնակցությունը անեսթեզիոլագիայի բնագավառում:

 

1990-92թթ. Ռիտա Վիրաբյանը ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի մասնաճյուղի առաջատար գիտական աշխատողն էր, միաժամանակ իրականացնում էր ռեանիմացիայի, անեսթեզիոլոգիայի և արյան արհեստական շրջանառության բաժնի վարիչի պարտականությունները:

 

Ուղիղ կես դար գործնական և գիտական բժշկությանը կյանքը նվիրաբերած Ռիտա Վիրաբյանն այսօր էլ նույն ջանասիրությամբ ու պատասխանատվության մեծ զգացումով շարունակում է գիտագործնական իր գործունեությունը: Նա հեղինակ է շուրջ 150 գիտական աշխատությունների, ուսումնամեթոդական 4 արտոնագրերի, նաև բազմաթիվ նորարարական առաջարկությունների հեղինակ:

 

Պրոֆ. Վիրաբյանը միաժամանակ թեկնածուական 4 ատենախոսությունների գիտական ղեկավար է, արդյունավետ համագործակցում է Հայաստանի և արտասահմանի բժշկական հաստատություններում աշխատող ու սովորող բազմաթիվ կլինիկական օրդինատորների հետ:

 

Հարկ է նշել, որ նա«Հայաստանի վիրաբուժական հանդեսի»գրախոս է, Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի և ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի գիտխորհրդի անդամ, Հայաստանի անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայի անդամ:

 

Իր մասնագիտությանը սիրահարված փնտրված մասնագետն ու գիտնականը հպարտությամբ է նշում, որ երեք զավակ ունի` երկու դուստր, երրորդը անեսթեզիոլոգիան է: Վիրաբուժության ոլորտում անեսթեզիոլոգը ինչպես նվագախմբում, ուղղակի դիրիժորի դեր է խաղում, ավելին, անեսթեզիոլոգը յուրահատուկ պահապան հրեշտակ է, ով ոչ միայն պատասխանատու է, այլև  ապահովում է հիվանդի անվտանգությունը:

 

Երախտագիտությամբ հիշելով իր կնքահորը` մեծ բժշկապետ Ա.Միքայելյանին, մտաբերում է նրա խոսքերը`«Մարդը միայն այն ժամանակ է ինչ-որ բանի հասնում, երբ հավատում է իր ուժերին» և անմիջապես մեջբերում է Սոկրատեսի թևավոր դարձած ասույթը. «Լավագույն մարդը նա է, ով ամենից շատն է ձգտում կատարելագործվել և երջանկության հասնում է նա, ով առավելագույնս է զգում, որ ինքը կատարելագործվել է»:


Տիկին Ռիտան շնորհակալ է ճակատագրից, զուր չի համարում ապրած տարիները, որոնք ծառայեցրել է մարդկանց առողջության վերականգնմանը: Մեծագույն երջանկություն է համարում, որ ամեն օր ամուսնու, երկու դուստրերի ու չորս թոռների հետ երեկոներն անցկացնում է հարազատների հետ: Եվ առավել ևս ուրախալի է, որ դուստրերից մեկը և ավագ թոռնուհին նույնպես ընտրել են իր մասնագիտությունը:

 

Այս աշխարհում ամեն մարդ արժե այնքան, որքան նա գնահատվում է շրջապատի կողմից. այս տրամաբանությամբ է նա ինքնահաստատվել ու հասել նվիրական երազանքների իրականացմանը և ցավում է, որ մեր ժամանակներում անշահախնդիր, անկեղծ մարդկային փոխհարաբերությունները ոչ միշտ են առաջին պլանում: Եվ զգացված է, որ, այնուամենայնիվ, ամեն պատեհ, հատկապես «կանանց միամսյակի» առիթով հիշվում և գնահատվում են նաև իր տարիքի կանայք` անկախ մասնագիտություններից և զբաղեցրած պաշտոնից:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8 (546) 05.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ